Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում սեպտեմբերի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվա սկսման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:
Տերունական աղոթքից, ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո` 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվան ընդառաջ, ողջույնի և բարիգալստյան խոսք է ասել Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Այս տարի Գևորգյան ճեմարան ընդունվել է 30 ուսանող, Վազգենյան դպրանոց` 15, Հառիճի Թրբանճյան ընծայարան` 22, իսկ Քահանայից պատրաստման լսարանում ուսումնառության համար դիմել է 15 անձ:
Խոսելով ուսանողների հավաքագրման մասին` Սրբազանը հայտնել է ներկաներին, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ճեմարանում հիմնվել է հասարակության հետ կապերի և քարոզչության գրասենյակ, որի հիմնական առաքելությունն է զբաղվել հոգևոր կրթության քարոզչությամբ Հայաստանում և սփյուռքում` գործի դնելով կենդանի ու անմիջական շփումները, Ժամանակակից տեխնիկական միջոցները:
Ճեմարանի նոր ուսումնական տարվա բացումն ամբողջացել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նախ իր գնահատանքը բերեց ճեմարանի դասախոսական կազմին, ապա՝ գնահատանքն ու օրհնությունը ամենքին, մաղթելով, որ Տերն իր զորակցությամբ արգասավորի նրանց ջանքերը: